Թարս երկիրը

Մի օր քայլելիս մի պատ տեսա, որի վրա գրված էր․ «Գնա՛ դեպի աջ»: Մի քիչ մտածելուց հետո այդպես էլ արեցի: Դեպի աջ գնալուց հետո մի սպիտակ դուռ նկատեցի, որի վրա գրվածք կար․ «Եթե ուզում ես անցկացնել օրդ ոչ ինչպես միշտ, մտի՛ր այստեղ»: Ես գործեր չունեի, չէի շտապում և որոշեցի օրս անցկացնել այդ դռան ետևում:

Դուռը բացելով՝ հայտնվեցի մի տարօրինակ աշխարհում՝ Թարս աշխարհում: Այդտեղ ամեն ինչ թարս էր, մարդիկ նստում էին սեղաններին, աթոռների փոխարեն, մեծ կենդանիները մարդկանց վզկապով դուրս էին բերում վազելու, իսկ ցերեկը Լուսինն է երկնքում, գիշերը՝ Արևը:

Այս վայրը հետազոտելուց հետո մոտեցա մի աղջկա, որը հետագայում ինձ ցույց տվեց իրենց երկիրը: Նրա անունը Ենան էր, կարծեմ, մեր աշխարհում դա Նանե անունն է: Նա ցույց տվեց իրենց երկիրը, կամ՝ րիկրեն, դա իրենց լեզվով երկիր բառն է: Ենանն առաջարկեց, որ ակղապղապ ուտենք: Սկզբում չհասկացա, թե ինչ է «ակղապղապը», բայց հետո պարզվեց, որ դա պաղպաղակն է: Ես համաձայնեցի և երբ մենք հասանք այնտեղ, ես մի քիչ զարմացա, քանի որ նրանք տակը դնում էին պաղպաղակը, իսկ նրա վրա՝ վաֆլին: Բայց ակղապղապը շատ համեղ էր: Ենանին հարցրի.

—Այստեղ մի՞շտ է ամեն ինչ թարս եղել:

Նա պատասխանեց.

—Ո՛չ: Ծնողներս ինձ ասում են, որ առաջ ամեն ինչ սովորական տեսք ուներ, բայց մի օր նրանք արթնացան, հագնվեցին և գնացին քայլելու: Նրանք տեսան մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել էին մի դռան մոտ:

Ես ասացի.

—Իսկ ի՞նչ տեսք ուներ այդ դուռը:

—Ծնողներս ասում են, որ դա մի նոր, գեղեցիկ և սպիտակ դուռ էր, որը բացելուց հետո ամեն ինչը թարս դարձավ: Այդ օրվանից ելքը այդ դռնից արգելվեց:

—Ես հենց ա՛յդ դռնով եմ եկել, բայց ինձ բան չպատահեց, այդ դուռը տանում է դեպի սովորական աշխարհ, – ասացի ես:

Այսպես խոսալով, չնկատեցինք երբ մթնեց: Օրը վերջանում էր, ես պետք է գնայի իմ աշխարհ: Ե՛վ Ենանը և՛ ես շատ տխուր էինք, բայց ես առաջարկեցի նրան, որ մի օր նա հյուրընկալի մեր աշխարհ:

Իսկ վաղը ե՛ս եմ հյուրեր ունենալու Թարս երկրից:

Նյութի հեղինակ Անի Եիսսաղոլի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով