Կար-չկար, մի վիրուսիկ կար…

Աշխարհը ողողված էր մի չար ու դաժան վիրուսով: Բոլորը տխուր էին, մոլորված ու վախեցած: Ապրում էին մեկուսացած, առանց ժպիտների, գրկախառնության ու ջերմության: Քաղաքները գունատվել էին, դատարկվել, այլևս ոչ ոք չէր շտապում դպրոց, պարտեզ ու աշխատանքի, այգիներում ոչ ոք չէր վազվզում, խաղում կամ ուղղակի նստած գիրք կարդում: Կյանքը տխուր էր դարձել:

Կար-չկար, մի վիրուսիկ կար… Նա նույնպես վախեցած էր չար վիրուսից ու թաքնված էր լիմոններով լի արկղի մեջ: Նա չգիտեր, որ կարող է օգնել ու փրկել աշխարհը: Վիրուսիկը շատ էր սիրում մարդկանց, ժպիտներ ու երեխաների ծիծաղը: Նա այլևս չէր կարողանում մնալ փակի տակ: Ու մի օր, հավաքելով իր բոլոր ուժերը, համարձակությամբ լցվեց ու դուրս պրծավ արկղից ու սկսեց տարածել թթվաշ իր անուշ բույրը: Վիրուսիկը զգաց ազատությունն ու ավելի ոգևորված սկսեց արձակել իր բույրը՝ տարածվելով փողոցներով, այգիներով, դաշտ ու անտառներով, քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ: Այն հասավ մարդկանց քթերին, ու, ի՜նչ ուրախություն, մարդիկ սկսեցին ժպտալ, լավ ու երջանիկ զգալ իրենց:

Նյութի հեղինակ` Միհրան Կարսեցյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով