Անցյալից հետո մինչ ապագան

Ամեն անգամ վերջում նստում ու մեկս մյուսի վրա ենք ծիծաղում, թե ով ինչ էր անում՝ չպատկերացնելով, որ դա կարող էր լինել մեր կյանքի վերջակետը, որովհետև մեր սրտերում վախ կա, վախ, որ անցյալը կվերադառնա։ Իսկ այդ պահին կանգնած սառում ենք։ Դա նրանից է, որ  ապրում ենք կա՛մ անցյալով, կա՛մ ապագայով։ Մենք չենք խոսում ներկայի մասին։ Երբևէ «վաղը կխոսենք»-ից կամ «վաղը կհանդիպենք»-ից հետո ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք՝ վաղը կգա՞, թե՞՝ ոչ, վաղը կապրե՞նք, թե՞՝ ոչ։ Մենք միայն հարմար առիթ ենք փնտրում, որն այդպես էլ չի գալիս, մի՞գուցե մեզ թվում է, որ մենք անմահ ենք և լիքը ժամանակ ունենք։ Մեզ այդպես է թվում, որովհետև մեր ծնված օրվանից ասում են, որ շա՜տ երկար ենք ապրելու։ Ու այդպես մեզ հաճախ ստում են կամ հույս են տալիս մարդիկ․․․այն սովորական մարդիկ, ովքեր իրենց հաջորդ րոպեն էլ չգիտեն։ Մարդկանց հույս մի՛ տվեք՝ ասելով՝ ամեն բան լավ կլինի, որովհետև պատերազմից 5 րոպե առաջ ոչ ոք չէր ասել՝ «շուտով պատերզամ կսկսվի», երկրաշարժից առաջ ոչ ոք մեզ նստած տեղից չէր հանել ու չէր ասել՝ «պատրաստվե՛ք, հիմա երկրաշարժ կլինի», հարազատ մարդ կորցնելուց րոպեներ առաջ ոչ ոք չկա, որ ասի՝ «մի քանի րոպե, ու նա կմահանա»։ Ինչո՞ւ, որովհետև ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի րոպե անց։ Բայց չգիտեմ ինչու, մենք միայն երազում ենք անցյալի լավ պահերը վերապրելու կամ ապագայում դրանք ստեղծելու համար։ Մենք ունենք ընդամենը մի կյանք, ապրե՛ք այն առանց բարդացնելու։ Կարոտում եք մեկին, զանգահարեք։ Ուզում եք հանդիպել, հրավիրեք։ Ուզում եք հասկացնել, բացատրեք։ Հարց ունեք, ասեք։ Չեք հավանում մի բան, բարձրաձայնեք, հավանում եք, տարածեք։ Ուզում եք մի բան, խոսեք այդ մասին։ Սիրում եք մեկին, ասեք նրան։ Եվ այս ամենն արե՛ք՝ առանց կողքի կարծիքներին ու ակնկալիքներին նայելով։ Ապրե՛ք Ձեր կյանքով, Ձեզ համար ու հիմա։

Նյութի հեղինակ՝ Միլենա Պողոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով